ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Թուրքիան ջանք չի խնայում՝ փակելու Հայկական հարցը

Թուրքիան ջանք չի խնայում՝ փակելու Հայկական հարցը
18.04.2023 | 22:14

Բնության մեջ չկա և չի կարող լինել որևէ մարդ, մարդկանց խումբ կամ իշխանություն, որ իրավունք ունենա փակել 1000 տարուց ավել գոյություն ունեցող Հայկական հարցը:

Եթե մենք այսօր հրաժարվենք Հայկական հարցից ու պահանջատիրությունից, մենք նախ կկորցնենք Հայկական աշխարհը, ապա կդադարենք գոյություն ունենալուց, քանի որ Հայկական պահանջատիրությունը մեզ համար ունեցել է գոյաբանական նշանակություն:

Ոչ մի «խաղաղության օրակարգ» չի կարող վերջ դնել հայերի՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքին, չի կարող վերացնել մեկ ու կես միլիոն հայերի կոտորածի` Ցեղասպանության մեղավորներին պատժելու արդար պահանջը:

Մոսկվայի և Կարսի՝ միջազգային իրավունքին հակասող պայմանագրերով հաստատված, ապա սովետական կավբյուրոյի որոշումներով լրացված իրականությունն անընդունելի է, իսկ Թուրքիան, արդեն հարյուր տարուց ավելի, փորձում է ստիպել Հայաստանին իրավաբանորեն ճանաչել Կարսի պայմանագիրը, հրաժարվել Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման արդար պահանջից, ինչպես նաև առհավետ հրաժարվել իր պատմական հայրենիքից:

Աշխարհում ապրող ցանկացած Հայ մարդ պետք է ընդունի, որ Հայաստանը բազմակի անգամ ավելին է, քան 29.800 քառակուսի կիլոմետրը և ստանձնի հանձնառություն՝ պայքարել իր երազանքների Հայաստանն ունենալու համար:

Թուրքիան վախենում է մեզնից և ջանք չի խնայում լուծել ու փակել Հայկական հարցը, քանի որ գենետիկ կոդով գիտի՝ մենք ով ենք և ինչի ենք ունակ, եթե միավորվենք, համախմբվենք, հավատանք մեր ուժերին ու պայքարենք իրական մեծ և ուժեղ Հայաստան ունենալու համար:

Իսկ մենք վախենում ենք թուրքերից, որովհետև չենք ցանկանում միավորվել ու համախմբվել, չենք ուզում հավատալ մեր ուժերին ու լծվել ծանր, բայց միևնույն ժամանակ պատվաբեր պայքարին:

Հ.Գ. Առջևում լուրջ և մասշտաբային փոփոխություններ են սպասվում մեր տարածաշրջանում, և մենք պետք է պատրաստ լինենք ընդունելու մեր բաժին մարտահրավերներն ու հավատով գնալ մեզ սպասող պատմական արդարության և հաղթանակների հետևից:

Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 5506

Մեկնաբանություններ